Ռուսական: Գեղեցկուհի Վասիլիսան
Գեղեցկուհի Վասիլիսան
Հովհաննես Թումանյան
Լինում է չի լինում մի վաճառական, տասներկու տարվա պսակված է լինում, ունենում է միայն մի աղջիկ, անունը Գեղեցկուհի Վասիլիսա: Վասիլիսայի ութ տարին լրացած՝ մերը մեռնում է: Մեռնելիս աղջկանը կանչում է, ասում է.
- Լսի՛ր, Վասիլի՛սա, միտդ պահիր ու կատարիր իմ վերջին խոսշը: Ահա ես մեռնում եմ ու իմ մայրական օրհնության հետ էս տիկնիկն եմ թողնում քեզ:Միշտ մոտդ ու հետդ կպահես էս տիկնիկը, ոչ ոքի ցույց չես տալ, իսկ մի ցավ, կամ վիշտ ունեցած ժամանակդ կերակուր կտաս իրեն, կկերակրես ու խորհուրդ կհարցնես: Կուտի ու քեզ կասի, թե ինչ ճար ու հնար անես քո ցավին:
Ասում է, աղշկանը համբուրում ու մեռնում:
Կնոջ մահից հետո, ինչպես սովորություն է, վաճառականը սուգ է պահում, հետո սկսում է մտածել, որ Նորից ամուսնանա: Ու ամուսնանում է մի այրի կնոջ հետ: Էս այրին էլ ինքը հասակն առած կին է լինում, համարյա թե Վասիլիսային հասակակից էլ երկու աղջիկ է ունենում:
Վասիլիսան իրենց տեղի առաջին գեղեցկուհին է լինում: Խորթ մերն ու իր աղջիկները նախանձում են նրա գեղեցկության վրա ու շատ բանի դնելով չարչարում են, որ աշխատանքից Նիհարի, արևից ու քամուց սևանա: Մի խոսքով օր չեն տալի:
Վասիլիսան էս ամենը տանում է անտրտունջ ու, ընդհակառակը, օրն օրի վրա լցվում, լավանում է. այնինչ խորթ մերն ու իր աղջիկները իրենց ներսի չարությունից հալվում են, մաշվում ու նիհարում, թեև ամբողջ օրը ձեռները ծալած, աղջիկ-պարոնների նման տանը նստած են լինում:
Ոչ ոք էլ չի իմանում սրա գաղտնիքը: Չեն իմանում, թե էս բոլորը Վասիլիսայի մոր թողած տիկնիկն է անում:
Բաժին կտային, Վասիլիսան ամենալավ պատառը կպահեր իր տիկնիկի համար: Իրիկունը, երբ ամենքը կպառկեին քնելու, նա իր նկուղում կփակվեր ու տիկնիկի հետ կխոսեր.
- - Տիկնիկ ջան, ա՛ռ, ա՛նուշ արա,
- Իմ սև դարդին ականջ արա:
- Հորս օջախումը ապրում եմ ես
- Միշտ անխնդում ու լուռ էսպես:
- Իմ խորթ մերը խաթուն-խանում —
- Ինձ աշխարհքից դուրս է անում:
- Ասա՛, հո՛գիս, էս ցավի դեմ
- Ես ի՞նչ անեմ, ես ոնց անեմ:
Տիկնիկը կուտեր, խորհուրդներ կտար, կմխիթարեր, առավոտն էլ նրա բան ու գործն էլ ինքը կաներ: Վասիլիսան իրեն համար դինջ ու հանգիստ կնստեր ծառերի շվաքներում, ծաղիկ կքաղեր, ու մին էլ էն կտեսներ, որ իր մարգերը քաղհանած են, բանջարեղենը ջրած, ջուրը բերած, կրակն արած:
էսպես մի քանի տարի անց է կենում: Վասիլիսան մեծանում է, հասնում, դառնում հարսնացու: Ամեն կողմից փեսացուները խնամախոսներ են ղրկում նրան ուզելու, իսկ խորթ մոր աղջիկներին հարցնող չկա: Չար կինը ավելի է կատաղում ու բոլոր եկողներին մի բերան էն է պատասխանում, թե մեծերից առաջ փոքրին չեմ կարող մարդու տալ: Խնամախոսներին էսպես ճամփու է դնում ու բռնում Վասիլիսային ծեծում, ջարդում, ջիգրը նրանից է հանում:
Մի անգամ էլ էս վաճառականը առևտրական գործերով ուրիշ աշխարհ է գնում: խորթ մերն ուրիշ տուն է փոխվում:
Իսկ էս նոր տան կողքին մի մութն անտառ է լինում, էն անտառում էլ բնակվելիս է լինում մի կախարդ պառավ, որ ոչ ոքի մոտ չի թողնում, մարդկանց էնպես է ուտում, ոնց որ հավի ճուտեր: Խորթ մերը ամեն մի դատարկ բանի համար շարունակ անտառն է ղրկում իր աչքի փուշ Վասիլիսային, թե ինչ է՝ կախարդի ճանկն ընկնի: Բայց տիկնիկը միշտ Վասիլիսային ճամփա է սովորեցնում, չի թողնում կախարդի որջին մոտենա, ու ամեն անգամ էլ Վասիլիսան ողջ-առողջ վերադառնում է տուն:
էսպեսով հասնում են աշունքը: Մի աշունքվա իրիկուն մերը երեք աղջկա ձեռքն էլ գործ է տալի - էն էլ դաս: Մինը պետք է ժանյակ գործեր, մյուսը գուլպա աներ, Վասիլիսան էլ պետք է մաներ: էս կախարդը տան բոլոր ճրագները հանգցնում է, մենակ մի մոմ է թողնում վառած ու ինքը պառկում է քնի:
Աղջիկները բանում են: Բանելու ժամանակ որ մոմի պատրույգն էրվում է, խորթ մոր աղջիկներից մինը մաղաշն (ունելիքը) առնում է՝ իբրև թե մոմի քիթը կտրի, ուղղի: Ուղղելու փոխարեն, իբր թե հանկարծ, լույսը հանգցնում է: Դու մի՛ ասիլ՝ մերն է սովորեցրել, որ էդպես անի:
- Հիմի ի՞նչ անենք, - ասում են աղջիկները: - Լուս չկա, դասներս էլ կիսատ են:
- Ի՞նչ պետք է անենք, պետք է մինս ու մինս գնանք կախարդ պառավից կրակ բերենք:
- Ինձ իմ ձեռի ասեղներն էլ են լույս տալիս, կրակն ի՞նչ եմ անում, ինչ ուզում է լինի, ես չեմ գնալ, - ասում է ժանյակ գործող աղջիկն ու տեղը պինդ նստում:
— Ես էլ չեմ գնալ, — էն կողմից վրա է բերում մյուս քույրը, որ գուլպա էր գործում, — ինձ իմ միլերի լույսն էլ է բավական:
- Դե՛ վեր կաց դու գնա, - միաձայն կանչում են երկուսն էլ ու դուրս են հրում Վասիլիսային: - Գնա կախարդ պառավից կրակ առ բեր:
Վասիլիսան վեր է կենում գնում իր նկուղը, պահած ընթրիքը դնում է տիկնիկի առաջն ու ասում.
- — Տիկնիկ ջան, ա՛ռ, անուշ արա,
- Իմ սև դարդին ականջ արա:
- Ինձ ղրկում են կրակ բերեմ չար պառավից,
- Չար պառավը կուտի հո ինձ...
- Ասա՛, հոգիս, էս ցավի դեմ
- Ես ի՞նչ անեմ, ես ո՞նց անեմ:
Տիկնիկը որ ուտում է պրծնում, աչքերը ջուխտ մոմի պես վառվում են, ասում է.
- Մի՛ վախենար, Վասիլիսա. ուր որ ղրկում են - գնա՛, միայն թե ինձ հետդ պահիր: Ես որ հետդ լինեմ, պառավը քեզ բան չի անիլ:
Վասիլիսան վեր է կենում, տիկնիկը գրպանն է դնում ու ճամփա ընկնում դեպի մութն անտառը: Գնում է, բայց ոչ մեռած է, ոչ կենդանի, հետը գնում է, հետը դողում: Մին էլ էն է տեսնում՝ մի սիպտակ ձիավոր ցոլաց ու անցավ, ինքը սիպտակ, հագհնը սիպտակ, ձիու սարքը սիպ¬տակ, ու սկսեց ծեգել:
Մի Քիչ էլ գնում է, տեսնում՝ հիմի էլ մի կարմիր ձիավոր անցավ, ինքը կարմիր, հագինը կարմիր, տակինը կարմիր, էստեղ էլ արևը բացվեց...
Օր ու գիշեր գնում է Վասիլիսան, մին էլ մյուս օրվա իրիկունը դուրս է գալիս էն բացատը, որտեղ կանգնած է լինում կախարդ պառավի խրճիթը: Խրճիթի չորս կողմի ցանկապատը մարդկային ոսկորներից և էստեղ-էնտեղ վրեն ցից հանած մարդկային գանգեր: Դարպասի սյուների փոխարեն՝ մարդկային ոտներ, փակիչի տեղը՝ ձեռներ, կողպեքի տեղակ՝ ատամները վրեն ծնոտներ:
Սարսափից մարում է Վասիլիսան ու տեղն ու տեղը քարանում մնում: Եվ ահա դարձյալ մի ձիավոր, ինքը սև, հագհնը սև, տակինը սև. քշած գալիս է ու կախարդի դռանը չքվում, տեղն ու տեղը անհետանում: Ու վրա է հասնում գիշերը: Բայց ցանկապատի վրա ցից հանած գանգերի աչքերը լույս են տափ մթնում, ու բացատն էնպես է լուսավորվում, ոնց որ թե ցերեկ լիներ: Վասիլիսան ահից ու սարսափից դողում է, բայց չի իմանում որ կողմը փախչի, մնում է մեխված:
Հանկարծ անտառից մի զարհուրելի աղմուկ է տարածվում, ծառերը ճռճռում են, խաշամը խշխշում է. դու մի ասիլ կախարդ պառավն է, անտառից դուրս է գալիս:
Գալիս է սանդի մեջ մտած, թակով թակելով, ջարդելով ու հալա¬ծելով, ավլով հետքը սրբելով: Գալիս է դռանը կանգնում, չորս կողմի վրա հոտոտում ու իրեն-իրեն վըռում.
— Թուհ, թուհ, թուհ, մարդ — մարդահոտ է գալիս... ով կա էստեղ... Վասիլիսան էն կողմից ահ ու դողով մոտենում է, խորը գլուխ է տալիս ու ասում.
- Ես եմ, նանի ջան, իմ խորթ մոր աղջիկներն ինձ ղրկել են քեզ մոտ կրակի:
- Լավ, լավ, - ասում է կախարդը, - ճանաչում եմ ինչ պտուղներ են: Դե ինձ մոտ կացի ու աշխատի: Որ ինձ մոտ կենաս ու աշխատես, կրակ կտամ տանես նրանց համար, թե չէ՝ քեզ էլ կուտեմ:
Հետո դառնում է իր դարպասին ու ճչում.
— Հե՛յ բացվեցեք, ամուր փակեր, ետ գնացե՛ք, լեն դարպասնե՛ր... Դռներն իսկույն բացվում են: Կախարդը սուլելով ներս է մտնում, Վասիլիսան էլ ետևից, ու բոլորը նորից փակվում են:
Ներս են մտնում թե չէ, կախարդ պառավը իր թախտի վրա ձգվում է ու Վասիլիսային ասում.
- Հապա մի էստեղ բեր կրակի կողքին ինչ որ կա, սոված եմ, ուզում եմ հաց ուտեմ:
Վասիլիսան ցանկապատի գանգերից մարխը վառում է ու իրար ետևից բերում ուտելիքները պառավի առաջը շարում: Ուտելիքն էնքան է լինում, որ տասը հոգի ուտեին հերիք կաներ: Ներքնատնից էլ գինի, արաղ է բերում, ու պառավը նստում է ընթրիքի: Բոլորն ուտում է, խմում, Վասիլիսային թերմացքից մի քիչ բան է թողնում ու վռչալով պառկում է քնի: Քնելուց առաջ գլուխը վեր է քաշում, Վասիլիսային ասում.
- Լա՛վ մտիկ արա հա՜, առավոտը որ ես կերթամ - դուռը կսրբես, խրճիթը կավլես, ճաշը կեփես, լվացքը կանես, հետո կերթաս հորից մի թաղար ցորեն կհանես, կընտրես, սև տրիճը կջոկես: Միայն թե տե՛ս, ամեն բան արած լինի էնպես, ինչպես ասում եմ, թե չէ՝ քեզ կուտեմ:
Պատվիրում է ու քնում: Վասիլիսան պառավի թերմացքը տանում դնում է իր տիկնիկի առջև, հետն արտասուք է թափում, հետն ասում.
- - Կե՛ր, տիկնիկ ջան, անուշ արա,
- Իմ սև դարդին ականջ արա:
- Չար պառավը իմ ուժից վեր
- Տվել է ինձ ծանր գործեր.
- Անեմ — էնքան ես ուժ չունեմ,
- Չանեմ - կուտի, ես ի՞նչ անեմ...
- Տիկնիկը պատասխանում է.
- Մի վախենար, սիրուն Վասիլիսա: Հաց կեր աղոթիր ու քնիր: Լուսը կգա բարին հետը:
Առավոտը ծեգին զարթնում է Վասիլիսան, տեսնում է պառավն արդեն վեր է կացել, լուսամուտից դուրս է նայում, ու գանգերի աչքերը հետզհետե մարում են: Ահա ցոլաց և սիպտակ ձիավորն ու լուսը բացվեց: Պառավը դուրս ելավ, սուլեց, հայտնվեցին սանդը, թակն ու ոտնավելը, ցոլաց կարմիր ձիավորը - արևը ծագեց: Ու պառավը մտավ սանդի մեջ, թռավ գնաց, թակով թակելով, ջարդելով, փշրելով ու քշելով, ոտնավլով հետքը սրբելով ու ավլելով:
Վասիլիսան էլ ետ մնում է մենակ:Ման է գալիս պառավի տունը, աչք է ածում ամեն անկյուն ու մնում է զարմացած ամեն բանի լիության վրա: Ապա սկսում է միտք անել, թե ինչպես անի, որ պառավի պատվերը կատարի: Մին էլ տեսնում է ամեն բան կատարած, պատրաստ, ու տիկ¬նիկը ցորնի միջի վերջին տերեփուկներն է ջոկում:
— Քեզ միայն էն է մնում, որ կերակուրն եփես, Վասիլիսա, — ասում է տիկնիկը ու մտնում գրպանը:
Իրիկնադեմին Վասիլիսան սեղանը բաց է անում ու սպասում է պառավին: Սկսում է մթնաժոռել: Դարպասի առջև սևին է տալիս սև ձիավորը, ու ակնակիր մութը կոխում է գետինը: Միայն գանգերի աչքերն են, որ վառվում են խավարում: Ապա անտառն սկսում է ճռճռալ ու խաշամը խշխշալ. - պառավը գալիս է: Վասիլիսան դուրս է գալի դեմը:
— Հը՜, ամեն բան պատրաստ է, թե չէ:
- Պատրաստ է, նանի ջան, արի՛ քո աչքովը տես, ֊ պատասխանում է Վասիլիսան:
Պառավը ներս է մտնում, տեսնում ամեն բան պատրաստ ու կատաղում է, որ բարկանալու բան չկա: Ասում է.
- Դե՜ լա՛վ, - ու ճչում է. - իմ ընկերնե՛ր, իմ աջ ձեռնե՛ր եկեք, տարեք իմ աղունն աղացեք:
Էս ձենի վրա երեք ջուխտ ձեռքեր են հայտնվում, ցորենն առնում տանում:
Պառավն ուտում է կշտանում, սկսում է պառկել ու Վասիլիսային նոր հրամաններ է տալիս, ասում է.
- Էգուց էլ էն կանես, ինչ որ էսօր արել էիր, ու բացի դրանից՛ հորիցը մի թաղար խաշխաշի սերմ կհանես ու հողը կջոկես հատիկ-հատիկ: Չեմ իմանում, թե ով է հողն ու խաշխաշն իրար խառնել:
Ասում է, երեսը պատին անում ու խռմփացնում:
Վասիլիսան գնում է դարձյալ տիկնիկին ուտեցնում ու հարցնում:
— Աղոթի՛ր ու քնիր, Վասիլիսա, — պատասխանում է տիկնիկը, — լուսը կգա բարին հետը: Ամեն բան պատրաստ կլինի վաղը:
Առավոտն էլ ետ իր սանդն է մտնում պառավն ու գնում, իսկ Վասիլիսան իր տիկնիկի հետ ամեն բան անում են վերջացնում: Պառավն իրիկունը վերադառնում է, մտիկ է տալիս ու կանչում.
- Իմ ա՛ջ ձեռներ, իմ ընկերնե՛ր, եկեք, տարեք, խաշխաշից յուղ հանեցեք ինձ համար:
Իսկույն հայտնվում են երեք ջուխտ ձեռքեր, խաշխաշն առնում են տանում:
Ապա պառավը ընթրիքի է նստում, իսկ Վասիլիսան լուռ կանգնած է առաջին:
- Ինչո՞ւ չես խոսում, - հարցնում է կախարդը. - էնպես լուռ ու մունջ կանգնել ես,, կարծես թե բերանումդ լեզու չկա:
- Չեմ համարձակվում խոսեմ, նանի ջան, - պատասխանում է Վասիլիսան. իսկ եթե դու հրաման ես տալի խոսելու, մի բան կհարցնեմ:
- Հարցրո՛ւ, միայն թե իմացած եղիր - լավ չի, որ ամեն բան իմանաս. շատ իմանաս — շուտ կպառավես:
- Ես էն էի ուզում քեզ հարցնեմ, նանի ջան, ինչ որ աչքով տեսել եմ: Էստեղ գալիս ճամփին մի ձիավոր ընկավ աչքովս - ինքը սիպտակ, հագինը սիպտակ, տակինը սիպտակ, էն ո՞վ է էն ձիավորը, նանի ջան:
- Էն իմ պայծառ օրն է, - պատասխանում է կախարդը:
- Հետո տեսա մի ուրիշ ձիավոր - ինքը կարմիր, հագինը կարմիր, տակինը կարմիր, էն ո՞վ է:
- Էն էլ իմ կարմիր արևն է:
— Իսկ էն սև ձիավորն ով է, որ քո դարպասի դռանը վրա հասավ, ինքը սև, հագինը սև, տակինը սև:
- Էն էլ իմ մութ գիշերն է: Երեքն էլ իմ հավատարիմ ծառաներն են: Վասիլիսան էստեղ հիշում է երեք ջուխտ ձեռքերն ու լռում:
- էլ ինչու չես բան հարցնում:
- էս էլ հերիք էր, նանի ջան: Չէ՞ դու ինքդ ասիր՝ թե որ շատ իմանամ, շուտ կպառավեմ:
— Լավ ես անում, որ էն ես հարցնում՝ ինչ որ դուրսն ես տեսել, էն չես հարցնում, ինչ որ ներսն ես տեսել: Ես չեմ սիրում, որ իմ տան աղբն ու կեղտը դուրս են հանում, ու շատ հետաքրքրվողներին ուտում եմ: Դե կա՛ց, հիմի էլ ես քեզ հարցմունք անեմ: Դու էդ ի՜նչպես ես կարողանում անել ու հասցնել էսքան գործը, որ ես քեզ հանձնարարում եմ:
- Իմ մոր օրհնանքն ինձ օգնում է, նանի ջան, - պատասխանում է Վասիլիսան:
- Ո՞նց թե... դու օրհնած ես, հա... Դե էստեղից դուրս գնա կորի դու, օրհնված աղջիկ: Օրհնվածներն ինձ պետք չեն էստեղ:
Ասում է ու խրճիթից դուրս քշում, դարպասից դուրս հրում, ցանկապատի վրա վառվող աչքերով գանգերից մինն էլ մի ձողի ծեր է անցկացնում, ձեռը տալի, թե՝
- Էս էլ քեզ կրակ՝ քո խորթ մոր ու իր աղջիկների համար: Չէ՞ որ նրանք քեզ կրակի են ղրկել ինձ մոտ, որ իրենց համար կրակ տանես:
Ու վազում է Վասիլիսան, վազում է դեպի տուն: Ձեռքի գանգը ճամփին լուս է տալի մինչև ծեգը ու ծեգին հանգչում: Մյուս օրն իրիկունը վերջապես տուն է հասնում:Որ հասնում է, ուզում է ձեռքի գանգը դեն գցի, մտքումն ասում է՝ մինչև հիմի երևի արդեն կրակ կլինեն արած: Էս մտքի մեջ՝ մին էլ հանկարծ գանգից մի խուլ ձեն է գալի, «ինձ դեն մի՛ գցիլ, տար քո խորթ մոր մոտ»...
Տանն էլ մտիկ է տալիս, տեսնում է մութը, կրակ չի երևում, գանգը հետը ներս է տանում:
Խորթ մերն ու իր աղջիկները Վասիլիսային որ տեսնում են՝ սկզբում ուրախ հանդիպում են, պատմում են, թե էն օրվանից, ինչ դու գնացել ես՝ մեր տանը դեռ կրակ չի վառվել: Մենք չենք կարողացել կրակ անենք, հարևաններից էլ ինչքան բերել ենք, տուն ենք հասցրել թե չէ՝ հանգել է:
- Հիմի քո կրակը վառ կմնա, - ասում է խորթ մերը:
Գանգը ներս են տանում թե չէ՝ աչքերն էնպես են նայում խորթ մորն ու իր աղջիկներին, որ էրում են, կրակում: Ուզում են թաքչեն, բայց ուր որ թաքչում են, աչքերը ամեն տեղ հետևում ու Նայում են նրանց, էրում, կրակում են նրանց:
Ու լուսադեմին խորթ մերն ու իր աղջիկներն արդեն էրվել, ածուխ էին կտրել, միայն Վասիլիսային էր, որ ոչինչ չէր եղել:
Առավոտը Վասիլիսան գանգը հողումը թաղում է, տան դուռն ամուր կողպում, ինքը գնում է քաղաք, մի անորդի պառավի խնդրում է, որ մոտը կենա, մինչև իրեն հերը օտարությունից գա: Պառավը սիրով ընդունում է իր աղջկա նման, Վասիլիսան էլ նրան սիրում, պատվում է իր մոր պես, մոտը ապրում է ու սպասում: Պարապությունից որ հոգնում է, մի օր էլ պառավին ասում է.
- Էսպես պարապ-սարապ նստելուց հոգնում եմ, նանի ջան, ինչ կլինի գնաս վուշ առնես բերես, մանած անեմ: — Պառավը գնում է, վուշ է առնում բերում: Վասիլիսան նստում է մանած անում, էնքան բարակ ու նուրբ, ոնց որ մազ: Մանածն անում է պրծնում, հիմի պետք է գործի: Բայց էն տեսակ տորք չի գտնվում, որ էն մանածին գա, ոչով էլ չի կարողանում շինի: Վասիլիսան էլ ետ իր տիկնիկին է խնդրում:
Տիկնիկն ասում է.
- Գնա՛ ինձ համար մի հին տորք բեր ու մի մաքուք, մին էլ մի քիչ ձիու ձար, ես քեզ համար ամեն բան շինեմ:
Վասիլիսան գնում է գտնում ինչ որ հարկավոր է, տալիս է տիկնիկին, ինքը քնում: Առավոտը վեր է կենում, տեսնում՝ տիկնիկը մի հիանալի տորք է շինել:
Վասիլիսան կտավը հինում է, նստում գործում ու ձմեռվա վերջը արդեն պատրաստ է լինում մի կտավ, որ ասեղի ծակովս անց կկենար: Գարունքը կտավը ճերմակացնում են, ու Վասիլիսան պառավին ասում է.
- Նանի ջան, տար էս կտավը ծախի, փողը բեր - քեզ լինի: Պառավը կտավին մտիկ է անում՝ մնում է բերանը բաց: Ասում է.
- Աղջիկ ջան, էս կտավը թագավորին վայել կտավ է: Արի տանեմ պալատը տեսնեմ:
Էս կտավն առնում է պառավը, գնում թագավորի պալատի մոտերքը պտտվում: Թագավորը նկատում է, որ մի պառավ իր պալատի մոտերքը պտտվում է, ասում է.
— Ի՞նչ ես ուզում, այ նանի:
Պառավը թե՝ թագավորն ապրած կենա, ես քեզ վայել մի էն տեսակ ապրանք եմ բերել, որ ուզում եմ դու տեսնես:
Թագավորը հրամայում է պառավին ներս բերեն: Պառավին որ ներս են բերում, թագավորը կտավը տեսնում է՝ էստեղ էլ սրա բերանն է մնում բաց: Ասում է.
- Ի՞նչ է սրա գինը, այ նանի:
Թե՝ սրան գին չունի, թագավորն ապրած կենա, քեզ նվեր եմ բերել:
Թագավորը շնորհակալություն է անում, ինքն էլ իր կողմից պառավին է նվերներ տալիս ու արձակում:
Ուզում են էս կտավիցը թագավորի համար շապիկ կարեն. բերում են ձևում, բայց էնպես կարող չեն գտնում, որ կարի: Ման են գալիս ման, վերջը թագավորն էլ ետ էն պառավին է կանչում թե՝
- Ա՛յ նանի, ոնց որ էս կտավը գործել ես, էնպես էլ պետք է կարես, թե չէ ուրիշ կարող չկա:
Պառավն ասում է.
- Թագավորն ապրած կենա, ոչ ես եմ մանել ու գործել էս կտավը, ոչ էլ ես կարող եմ կարել: Մի որդեգրուհի ունեմ տանը, էս նրա ձեռքի գործն է:
- Լավ, թող որդեգրուհիդ լինի:Տար տուր նրան, թող նա կարի: Պառավը վերադառնում է տուն, Վասիլիսային պատմում ինչ որ պատահել էր:
- Ես էլ գիտեի, որ էս գործը վերջը ինձ էր հասնելու, - ասում է Վասիլիսան:Փակվում է իր սենյակում ու սկսում է կարել: Գիշեր-ցերեկ է անում, կարում, պատրաստում, տալիս է պառավին, թե՝ դե տար տուր թագավորին:
Պառավը շապիկն առնում է տանում պալատ, տալիս թագավորին, իսկ Վասիլիսան երեսը լվանում է, գլուխը սանրում, հագնվում, զուգվում, նստում լուսամուտի առաջն ու սպասում: Սպասում է, թե տեսնի ի՛նչ պետք է լինի:
Մին էլ էն է տեսնում, որ թագավորի մարդիկ գալիս են դեպի պառավի տունը: Գալիս են, ներս են մտնում ու հայտնում, թե ով է կարել թագավորի շապիկը, թագավորն ուզում է նրան տեսնի ու ինքը իր ձեռքով վարձատրի:
Վասիլիսան վեր է կենում, գնում թագավորի առաջին կանգնում: Թագավորի տեսնելն ու սիրահարվելը մին է լինում:
- Էլ ես քեզանից ձեռը քաշողը չեմ, սիրուն Վասիլիսա, - ասում է թագավորը: - էսօրվանից դու իմն ես, ես էլ քոնը, էսօրվանից իմ կյանքի ընկերն ու իմ աշխարհքի թագուհին ես դու...
Ասում է, ձեռիցը բռնում, բարձրացնում, նստեցնում իր կողքին, ու սկսվում է հարսանիքը: Վասիլիսայի հերն էլ վրա է հասնում, աղջկա բախտավորությունը տեսնում է՝ ուրախանում, աշխարհքովը մին է լինում, ու էն մնալն է, որ մնում է աղջկա մոտ: Իր մերացու պառավին էլ չի մոռանում Վասիլիսան. բերում է պալատ, պահում է իրեն մոտ, իսկ տիկնիկից չի բաժանվում մինչև մահը ու միշտ, ամեն տեղ պահում է իր գրպանում: