Ճապոնական: Լեզուն կտրած ծիտիկը
Լեզուն կտրած ծիտիկը
Հովհաննես Թումանյան
Վաղուց պատահած բան է... Ասում են՝ մի չար պառավ ուզում է ճերմակեղենը օսլայի, մի քիչ օսլա է դնում ամանի մեջ:
Հարևանի ձեռնասովոր ծիտը գնում է օսլան կտցահարում: Պառավը վրա է հասնում.
- Ա՜յ դու անպիտան արարած... — բարկանում է վրեն ու բռնում է լեզուն կտրում:
Ծիտիկը թռչում է գնում: Հարևանուհին լսում է, որ իր սիրելի ծիտիկի լեզուն կտրել են: Սաստիկ վշտանում է. վեր է կենում իր մարդու հետ ճամփա է բռնում, սար ու ձոր ընկնում, որ իմանա, թե որ կողմը թռավ իր ծիտիկը:
Մարդ ու կնիկ գնում են ու ձեն տալի.
- Ո՞րտեղ է լեզուն կտրած ծիտիկը: Լեզուն կտրած ծիտիկը ո±ր¬տեղ է կենում:
Վերջապես գտնում են ծիտիկի տունը:
Ծիտիկը որ տեսնում է իր հին տերն ու տիրուհին իրեն տես են եկել՝ ուրախանում, աշխարհքով մին է լինում: Ներս է հրավիրում, շնորհակալություն է անում առաջվան տեսած լավությունների համար ու պատիվ է տալի: Սեղան է բաց անում, էնքան ձուկն ու գինի է լցնում, որ էլ դատարկ տեղ չի մնում: Կինը, որդիքն ու թոռներն էլ ոտի վրա ծառայում են:
Վերջը ինքն էլ բաժակը մի կողմն է շպրտում ու վեր կենում ծտավարի պար գալի: Ու էսպես ուրախ անց են կացնում ամբողջ օրը: Իրիկունը որ ընկնում է՝ պառավները խոսք են բաց անում, թե իրենց տուն գնալու ժամանակն է: Էստեղ ծիտիկը գնում է երկու ուռի զամբյուղ է բերում, ասում է.
- Ա՛յ էս երկու զամբյուղը, մինը թեթև, մյուսը ծանր, որը կուզեք ընտրեցեք ձեզ համար:
Հյուրերը, թե՝
- Մենք պառավ մարդիկ ենք. բեր մեզ թեթևը տուր, ավելի լավ է՝ հեշտ կտանենք, ծանրն ի՞նչ ենք անում:
Առնում են թեթև զամբյուղն ու վերադառնում տուն:
Տանը ասում են.
- Բեր մի բաց անենք, տեսնենք ի±նչ կա մեջը:
Բաց են անում - ի՞նչ են տեսնում՝ էլ ոսկի, էլ արծաթ, էլ անգին քար, էլ թոփերով մետաքսեղեն... էն տեսակ մի բան, որ իրենց օրում իսկի մտքներովն էլ չեն անցկացրել: Քանի հանում են, էնքան ավելի շատ է մնում մեջը, անվերջ-անհատնում:
Ու միանգամից հարստանում են:
Էս բանը լսում է ծիտիկի լեզուն կտրող չար պառավը: Նախանձում է հարևանների բախտին: Հարցուփորձ է անում, թե որտեղ է կենում լեզուն կտրած ծիտիկը, տեղն ու ճամփեն սովորում է:
- Ես էլ կերթամ ծիտիկի մոտ, - ասում է ու ճամփա ընկնում: Գնում է գտնում: Դարձյալ ծիտիկը երկու զամբյուղ է բերում ու ասում.
- Ահա երկու զամբյուղ, մինը ծանր, մյուսը թեթև, որն ուզում ես, ջոկի քեզ համար:
Պառավը միտք է անում՛ որ միջի գանձն ինչքան շատ լինի, զամբյուղն էլ էնքան ծանր կլինի, ասում է՝ բեր ծանր զամբյուղը տուր ինձ:
Շալակում է ծանր զամբյուղն ու ճամփա ընկնում դեպի տուն:
Զամբյուղը քարի պես ծանր է լինում, տանելը՝ դժվար: Տնքալով տանում է:
Ծիտիկները ետևից մտիկ են անում ու ծիծաղում:
Տանում է տուն: Տանում է, ագահ-ագահ բաց է անում:
Բաց է անում թե չէ՝ աղմուկով դուրս են թափում այլանդակ-անճոռնի չար ոգիները` տեղն ու տեղը խեղդում չար պառավին: