Հովհաննես Թումանյան: Ճամփորդներ

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Ճամփորդներ
Հովհաննես Թումանյան

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխտրհք տեսնի: Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ. դիմացի սարը խանգարում էր:

- Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ինչ կա, - հարցրեց վերևից բակում պառկած շանը:

- Ես էլ չգիտեմ,- պատասխանեց Քուչին:

- Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք` ւսշխարհումս ինչ կա, ինչ չկա:

Շունն էլ համաձայնեց: Խոսքը մին արին ու փախան:

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ: Գիշերը մնացին էնտեղ: Շունը պառկեց մի թփի տակ իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին:

Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղու:

Մի աղվես լսեց աքլորի ձայնը:

- Վահ, սա որտեղից դուրս եկավ, այ լավ նախաճաշիկ, - մտածեց աղվեսը ու վազեց:

- Բարի՛ լուս, սանահեր աքլոր: Ի՞նչ ես շինում էս կողմերը:

- Գնում ենք աշխարհ տեսնելու, - պատասխանեց աքլորը:

- Օ՜, ինչ լավ բան եք մտածել, - խոսեց աղվեսը: - Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալխ Ինչ լավ էր՝ պատահեցինք: Դե՜, ցած արի, որ չուշանանք:

- Ես համաձայն եմ, - ասավ աքլորը. - տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ՝ գնանք:

- Ո՞րտեղ է ընկերդ:

- էն թփի տակին:

«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի. էս էլ իմ ճաշը», — մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը:Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պու՜կ, փախավ, ո՜նց փախավ:

- Կաց, աղվես ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի, - ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը: