Հովհաննես Թումանյան: Ձախորդ Փանոսի հեքիաթը

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Ձախորդ Փանոսի հեքիթը
Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս: Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում: Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս: Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին:

Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի: Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը:

Ասածն արած է:

Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում վերի կողմը, կացինը քաշում — թրը՛խկ, հա թրը՛խկ: Շատ է քաշում, թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում, սելը ջարդում, եզներն էլ հետը: Փանոսը մնում է ապշած կանգնած: Ի՞նչ պետք է անի: Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն:

Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում: Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում: Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս: Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում: Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս: Ի՞նչ անի, ի՞նչ չանի: Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի: Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի:

Դու մի՛ ասիլ` Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում՝ էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում:

Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չըկա: Մնում է տկլոր կանգնած:

Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր Աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»:

Սպասում է մինչև մութն ընկնի: Մթան հետ վեր է կենում գնում գյուղը: Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը տանըցիք ի՞նչ կասեն: Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ:

Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը:

Դո’ւ մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է: Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա. հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում:

Փանոսը ցավից վայ-վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո’, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս:

Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից: Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է:

Բավական տեղ ղըչրղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները: Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում:

Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է: Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»: Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված - ինքը չկա:

Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ:

- Ա՛յ մարդ, էս հագուստը ո±րտեղից է ընկել քեզ մոտ:

- Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի:

Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանոս, Փանոս», Փանոսը չկա:

Վճռում են, որ Փանոսը խեղդվել է:

Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս: Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում: