Հովհաննես Թումանյան: Կիկոսի մահը
Կիկոսի մահը
Հովհաննես Թումանյան
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ:
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում: էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը: Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում: էս ծառը որ տեսնում է՝ իրեն-իրեն միտք է անում.
- Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի...
- Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ...
Տեղն ու տեղը ծառի տակին նստում է՝ սկսում է սուգ անել.
- Գնացի մարդի,
- Ունեցա որդի,
- Գդակը պոպոզ,
- Անունը Կիկոս.
- Վեր ելավ ծառին,
- Ցած ընկավ քարին...
- Վա՜յ Կիկոս ջան,
- Վա՜յ որդի ջան...
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում: Ասում է. – Գնա’ մի տե՛ս, քույրդ ընչի ուշացավ:
Միջնեկ աղջիկն է գնում:
Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում:
- Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ:
- Ի՞նչ Կիկոս:
- Բա չես ասիլ`
- Գնացի մարդի,
- Ունեցա որդի,
- Գդակը պոպոզ,
- Անունը Կիկոս.
- Վեր ելավ ծառին,
- Ցած ընկավ քարին...
- Վա՜յ Կիկոս ջան,
- Վա՜յ որդի ջան...
- Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ - գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել:
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում: Ասում է.
- Աղջի’, մի գնա տես քույրերդ ի՞նչ եղան: Գնացին, ետ չեկան:
Հիմի պստիկ աղջիկն է գնում: Գնում է տեսնում՝ երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում:
- Քա՛, ընչի՞ եք լաց ըլում:
Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ`
- Գնացի մարդի,
- Ունեցա որդի,
- Գդակը պոպոզ
- Անունը Կիկոս.
- Վեր ելավ ծառին,
- Ցած ընկավ քարին...
- Վա՜յ Կիկոս ջան,
- Վա՜յ որդի ջան...
- Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ, – սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս:
Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում:
Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ՝ երեք աղջիկն էլ կանչում են.
- Արի՛, արի՛, անբախտ տատի, տես թոռանդ գլուխն ինչ է եկել:
- Ի՞նչ թոռ, այ աղջկերք, ի՞նչ է պատահել:
Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա’յ մեր`
- Գնացի մարդի,
- Ունեցա որդի,
- Գդակը պոպոզ,
- Անունը Կիկոս.
- Վեր ելավ ծառին,
- Ցած ընկավ քարին...
- Վա՜յ Կիկոս ջան,
- Վա՜յ որդի ջան...
- Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան. – մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել:
Մարդը տեսնում է կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ: Ասում է՝ մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը:
Վեր է կենում գնում:
Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի.
- Արի՛, արի’, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ինչ է եկել... վա՜յ քու Կիկոսին...
- Ի՞նչ Կիկոս, ինչ եք ասում, - զարմանում է մարդը: Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, այ հեր՝
- Գնացի մարդի,
- Ունեցա որդի,
- Գդակը պոպոզ,
- Անունը Կիկոս.
- Վեր ելավ ծառին,
- Ցած ընկավ քարին...
- Վա՜յ Կիկոս ջան,
- Վա՜յ որդի ջան...
- Վա՜յ, Կիկոս ջա՜ն, — ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու աղջկերք:
Սրանց միջի խելոքը հերն է լինում: Ասում է.
- Ա՛ յ հիմարներ, ինչ եք նստել էստեղ ու սուգ եք անում: Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի: Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք: Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա:
Դու մի ասիլ՝ սրանց ունեցած-չունեցած չորսոտնանին մի եզն Է լինում, ունեցած փոշին Էլ մի քթոց ալյուր:
Գալիս են Էս եզը մորթում, Էս մի քթոց ալյուրն Էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են: