Հովհաննես Թումանյան: Կացին ախպեր

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Կացին ախպեր
Հովհաննես Թումանյան

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու: Ընկավ մի գյուղ: Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում:

- Ախպե՛ր, ասավ, ինչու՞ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք:

- Կացինն ի՞նչ բան է, - հարցրին գյուղացիք:

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը: Գյուղսսցիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար.

- Տո, եկե՛ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ:

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան:

Կացինը առան, որ հերթով կոտորեն իրենց փայտը:

Առաջին օրը տանուտերը տարավ: Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց: Գոռալով ընկավ գյուղամեջ:

-Տո՛ եկե՛ք, կացին ախպերը կատաղել է`, ոտս կծեց:

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել: Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին:

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց: Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է: Գոռացին.

- Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսեք ոնց է կարմրել. որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի: Ի՞նչ անենք:

Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:

Տարան գցեցին տանուտերի մարագը: Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ:

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից թե՝ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»: