Հովհաննես Թումանյան: Ծիտը
Ծիտը
Հովհաննես Թումանյան
Լինում է, չի լինում մի ծիտ:
Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի: Ասում է.
- Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում:
Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ:
Պառավն ասում է.
- Փուշը թոնիրն եմ գցել:
Ծիտը կանգնում է, թե՝
- Իմ փուշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ:
Պառավը մի լոշ է տալի: Ծիտը լոշն առնում է թռչում:
Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում: Ասում է.
- Հովիվ ախպեր, կաթն ինչու՞ ես անհաց ուտում: Ա՛յ, լոշը առ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր:
Հովիվն սսում է.
- Կերա:
- Չէ՛, - ասում է, - իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ:
Հովիվը ճարահատած մի գառն է տալի: Առնում է թռչում:
Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն:
Ասում է. - Ի՞նչեք մոլորել: Ա՛յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ գալի, թե՝ իմ գառը տվեք:
Ասում են. - Մորթել ենք կերել, որտեղից տանք:
Սա կանգնում է, թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ:
Ու հարսին առնում է թռչում:
Գնում է, գնում, գնում է տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է:
Ասում է. - Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե՝ իմ հարսը ինձ տուր:
Աշուղը ասում է. - Հարսը գնաց իրենց տուն:
Սա թե՝ չէ, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ:
Աշուղը սազը տալիս է իրեն:
Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել.
- Ծընգլ, մընգլը,
- Փուշիկ տվի, լոշիկ առա,
- Լոշիկ տվի, գառնիկ առա,
- Գառնիկ տվի, հարսիկ առա,
- Հարսիկ տվի, սազիկ առա,
- Սազիկ առա, աշուղ դառա,
- Ծընգլը, մընգլը,
- Ծիվ, ծիվ:
Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնաց, հեքիաթն էլ վերջացավ: