Հովհաննես Թումանյան: Խելոքն ու հիմարը
Խելոքն ու հիմարը
Հովհաննես Թումանյան
Երկու ախպեր են լինում. մինը խելոք, մյուսը հիմար: Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին: էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝
- Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ:
- Լավ, - ասում է խելոքը, - էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛ր ապրանքը գոմը մտնի - ինձ, որը դուրսը մնա – քեզ:
Ժամանակն էլ լինում է ձմեռ:
Հիմարը համաձայնում է: Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում: Ձմեռվա ցուրտ օր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում: Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի գերաններին քոր անելիս: Էն է մնում հիմարին:
էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու:
- Ա՛ մոզի, արի, հեյ, - կանչելով գնում է:
Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի - ա՛ մոզի, արի, հե՛յ... - ավերակի արձագանքը կրկնում է.
-Հե՛յ...
Հիմարը կանգնում է:
- Ինձ հետ ես խոսում, հա՞...
Ավերակը ձայն է տալիս.
- Հա՜...
- Մոզին ուզում ե՞ս:
- Ե՜ս...
- Քանի մանեթ կտաս:
— Տա՜ս...
- Հիմի կտա՞ս, թե չէ:
- Չէ՜...
— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜:
- Արի՜...
Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով` ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վեոադառնում տուն:
Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում գնում փողերն առնելու: Դու մի ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են: Գնում է տեսնում՝ ոսկորները դես ու դեն ցրված ավերակի առջև: - Հը՞, - ասում է, – մորթել ես կերել, հա:
- Հա՜...
- Չաղ է՞ր, թե չէ:
- Չէ՜:
Հիմարը էստեղ վախենում է, կարծում է ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա:
- Էդ իմ բանը չի, - ասում է, - առել ես պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը - տաս մանեթ դեղին ոսկի՜...
-Սկի՜...
Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին: Մին, երկու զարկում է. պատերից մի քանի քար են վեր ընկնում: Դու մի ասիլ` հնուց էդ պատում գանձ է եղել պահած: Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափվում է հանկարծ, առաջը լցվում:
- Այ էդպես... բայց էսքանն ի՞նչ եմ անում. տասը մանեթ ես պարտ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք...
Մի ոսկի է վերցնում, գալի տուն:
- Հ՞ը, մոզիդ ծախեցի՞ր, - ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը:
- Ծախեցի:
- Ո՞ւմ վրա:
- Ավերակի:
- Հետո, փող տվավ:
- Իհարկե տվավ: Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց: Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված:
Ասում է ու ոսկին հանում ցույց տալիս:
- էդ ո՞րտեղ է, — աչքերը չորս է անում խելոք ախպերը:
- Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի:
Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա:
- Բեր, - ասում է, - ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ ես տեսնեմ, տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ:
Հմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալիս ախպորը, տանում է մնացածի տեղն էլ ցույց տալի: Խելոքը ոսկին հավաքում է բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում:
Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դա֊տավորի մոտ գանգատ:
- Պարոն դատավոր, - ասում է, - ես մի մոզի ունեի տարա ավերակի վրա ծախեցի...
- Հերիք է, հերիք, - ընդհատում է դատավորը. - էս հիմարը որտեղից եկավ, ոնց թե մոզին ավերակի վրա ծախեցի... վրեն ծիծաղում է ու դուրս անում:
Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում:
Ու ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, իսկ խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ: