Հովհաննես Թումանյան: Եդեմական ծաղիկը
Եդեմական ծաղիկը
Հովհաննես Թումանյան
Ժամանակով մեր աշխարհքում մի վաճառական է լինում: էս վաճառականը ունենում է մի աղջիկ՝ անունը Ծաղիկ: Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, Էնքան սիրուն է լինում:
Հերը անչափ սիրելիս է լինում աղջկանը: Մի անգամ էլ օտարություն գնալիս հարցնում է.
- Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ: - Թե՝ եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես: - Լավ, ասում է, կբերեմ:
Գնում է աշխարհքից աշխարհք անց է կենում, իր առուտուրն անում է, իր գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկ գտնի, որ տուն գա: Դես է հարցնում եդեմական ծաղիկ, դեն է հարցնում եդեմական ծաղիկ, ոչով չի իմանում, թե ինչ բան է եդեմական ծաղիկը կամ որտեղ է բացվում: Վերջը մի ծեր մարդ է պատահում: էս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալի, ասում է՝ էս ճամփով որ գնաս, էսինչ տեղը կգտնես քո հարցրած ծաղիկը: Բայց զգույշ կաց Սպիտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է:
Հոր սիրտ է: Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է գնում: Գնում է, գնում, շատ է գնում թե քիչ, դուրս է գալիս էնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը: Հենց հասնում է, ծաղիկը պոկում է թե չէ, մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ: Մարդ ասես, մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց գազանի նման մռնչում է.
- Ո՞ւր պոկեցիր իմ ծաղիկը... քո մահն է հիմի...
- Քո մահն է հիմի... – ձեն է գալի ամեն կողմից...
Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի՝ հրեշի առաջն է ընկնում:
- Ներիր, - ասում է, - ով հզոր... իմ աղջիկն էր ուզել...
- Կներեմ, - կանչում է հրեշը, միայն մի պայմանով, որ էդ աղջիկը ինձ տաս:
- Համաձայն եմ:
- Որ համաձայն ես՝ քեզ եմ բաշխում քո կյանքը: Գնա: Հենց որ ձեր տան դիմացի սարն սպիտակի — էդ իմ նշանն է, կգամ Ծաղիկին տանելու:
Դու մի ասիլ Սպիտակ դևը ինքը հրեշն է, որ կա:
Վաճառականը վերադառնում է տուն: Աղջիկը միամիտ առաջն է վազում, վզովը փաթաթվում: Հերը համբուրում է՝ եդեմական ծաղիկը տալիս իրեն, իսկ պատահած դեպքն ու իր խոստումը թաքցնում է: Թաքցնում է, բայց ինքն իր մեջ միտք է անում ու տխրում: Քանի օրերն անց են կենում, էնքան ավելի է տխրում: Մի առավոտ էլ վեր է կենում տեսնում՝ իրենց տան դիմացի սարն արդեն սպիտակել է: Լաց է լինում: Պատճառը հարցնում են. էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե՝ հապա չեք ասիլ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սպիտակ դևը գալու է Ծաղիկին տանի:
- Բան չկա, հայրիկ, - ասում է Ծաղիկը, - դու լաց մի լինի, ես կերթամ Սպիտակ դևի հետ. ինչ կլինի կլինի:
Այնինչ Սպիտակ դեը արդեն դուռը կտրել է ու մռնչում է.
- Ո՜ւր է Ծաղիկն, ո՜ւր... ինձ տո՜ւր...
Մռնչում է ու նրա սառը շնչից դողում են ծառերը, աշխարհքը գունատվում. ի՜նչ պետք է անեին խեղճ մարդիկը: Զուգած, զարդարած, եդեմական ծաղիկը ձեռքին դուրս են բերում Ծաղիկին, հանձնում են Սպիտակ դևին, որ չարախինդ սուլոցով ու ագահ ոռնոցով, սառով, սևով. հողմի թևով իսկույն հափշտակում է տանում: Տանում է Մասիսի մեծ վիհը: էնտեղ, Մասիսի էն մեծ վիհում, էն անմատչելի, միշտ մռայլ ու միշտ սառն աշխարհքում կանգնած էր իր բյուրեղյա ապարանքը: էն ապարանքից իջնում էր նա, սառով ու սարսափով աշխարհքը պատում, հափշտակում տանում ամեն կյանք ու կենդանություն: Ծաղիկին էլ տանում է փակում էն բյուրեղյա ապարանքում:
Էսպես ամիսներ են անցկենում: Մի անգամ էլ, գարնան սկզբին, երբ Սպիտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում փախչում: Ետ է գալի դևը` տեսնում է՝ Ծաղիկը չկա: Կատաղում է, հավաքում է իր բոլոր դիվական ուժն ու մրրիկի նման սուրալով, օձի նման սուլելով՝ ընկնում է ետևից: Աղջիկը արդեն Արագածի ստորոտն է լինում հասած: Ետ է նայում տեսնում է Սպիտակ դևը գալիս է: Գալիս է, ոնց է գալիս, Աստված ետ ու հեռու անի: Սարսափից ճչում է, օգնություն է կանչում: Կանչելու հետ, Աստծու հրամանով, առաջը մի դուռ է բացվում: էն դռնովը մտնում է սարի մեջն, ու կրկին դուռը փակվում է դևի առաջին:
Ավելի է կատաղում Սպիտակ դևը. իր լայն թևերով բամփում է Արագածի գագաթին ու մռնչում.
— Ո՜ւր է Ծաղիկն, ու՜ր... ինձ տո՜ւր...
Սա էստեղ թող մռնչա, մենք գնանք Ծաղիկի ետևից, տեսնենք էն կախարդական դռնից որ մտավ, ինչ եղավ:
Ծաղիկը էն կախարդական դռնից ներս է մտնում թե չէ, դուրս է գալի մի դրախտական այգի, որտեղ հազարավոր ձայներ երգում են.
- Զմրուխտ պալատում, ոսկի դագաղում,
- Պառկած է չարի ուժով կախարդված,
- Պսակած է Արին ոչ մեռած, ոչ քուն,
- Ու աշխարհքն ամեն սև սուգ է մտած:
- Պսակած է մինչև օրը ցանկալի,
- Էն պայծառ օրը, երբ որ նա կգա,
- Կգա նոր կյանքով ու նոր սիրով լի,
- Կարտասվի անուշ ու համբույր կտա:
Առաջ է գնում Ծաղիկը, հանկարծ այգին լցվում է զվարթ աղմուկով ու տարածվում են ուրախ երգի ձայները.
- Ահա եկավ, հասավ չքնաղ
- Իր թագուհին, իր սիրելին,
- Հիմի կելնի պաղ դագաղից
- Մեր քաջ Արին-Արմանելին:
- Հիմի կելնի թագավորը,
- Հզոր Արին-Արմանելին
- Ու կժպտան վառ աչքերը
- Ողջ աշխարհքին, ծաղկին, ծըլին:
- Հիմի կընկնի կախարդանքը
- Չար թշնամու, Սպիտակ դևի,
- Հիմի կգա դալար կյանքը,
- Բույրը ծաղկի, շողն արևի:
Եվ ճիշտ որ, Ծաղիկը գնում է, ինչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալի, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մինը:
Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:
- Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ, — հարցնում է Արին-Արմանելին, — և ինչպես ընկար էս աշխարհքը:
Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր եղած Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:
- Լսում եմ, լսում եմ նրա դաժան ձայնը, — պատասխանում է Արին-Արմանելին: Ինձ էլ նա է կախարդել ամիսներ առաջ ու գցել էս մահանման քնի մեջ: Էսպես է անում ամեն տարի: Պետք է էսպես էլ մնայի, մինչև մինը խորտակեր նրա չար կախարդանքը: Դու եղար էդ մինը: Այժմ ես դուրս կգնամ նրա դեմ:
Ասելն ու անելը մին է լինում: Առնում է կայծակի թուրը ու դուրս է գալի: Երկու թշնամի ուժերը պատահում են իրար. բացվում է օրհասակռիվը: Զարկում են,զարկվում — երկինք ու գետինք իրար են խառնվում: Մութն ամպերում մռնչում է Սպիտակ դևը, Արին-Արմանելին ահավոր որոտում ու շողացնում է կայծակի թուրը, երկիրը դողում, դղրդում է հիմքից: Կռվի վերջում պարտված-զարկված Սպիտակ դևը վշշալով ու թշշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, Մասիսի էն մեծ վիհը, դարձյալ փակվում է իր բյուրեղյա սառն ապարանքում:
Աշխարհքը մնում է գեղեցիկ հաղթողին:
Ու աստվածային հանդես է բացվում Արաքսի հովտում: Արին-Արմանելին պսակվում է Ծաղիկի հետ: Բնությունը առատորեն փռում է իր փարթամ վարդերն ու զարդերը, ինս ու ջինս, մրջյուն ու թռչուն իրար են խառնում իրենց զվարթ աղմուկն ու աղաղակը, խաղն ու տաղը, ամենի վրա հոյակապ կամար է կապում կանաչ-կարմիրը՝ ծիածանը, իսկ նրանց վերև ճառագում ու աշխարհքովը մին ժպտում է գարնան կենսատու արևը:
Ու էսպես կրկնվում է ամեն տարի, որովհետև ամեն տարի Սպիտակ դևը կախարդում է Արին-Արմանելիին ու հափշտակում է սիրուն Ծաղիկին: