Հովհաննես Թումանյան: Անհաղթ աքլորը
Անհաղթ աքլորը
Հովհաննես Թումանյան
Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում:
Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում:
Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.
- Ծուղրուղու, փող եմ գտե՜լ...
Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն:
Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում: Աքլորը կանչում է.
- Ծուղրուղու, թագավորն ինձանով ապրե՜ց...
Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է.
- Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը...
Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին:
Աքլորն էլ կտուրն է բարձրանում.
- Ծուղրուղու, թագավորն ինձանից վախե՛ց...
Թագավորը բարկանում է, նազիր-վեզիրին հրամայում է.
- Գնացե՛ք, - ասում է, - բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք բերեք ուտեմ, պրծնեմ դրանից:
Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն: Տանելիս կանչում է.
- Ծուղրուղու, թագավորն ինձ հյուր է կանչէլ...
Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն Է տալի.
- Ծուղրուղու, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք Է ղրկե՜լ...
Եփում են բերում թագավորի աոաջն են դնում, կանչում Է.
- Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղու՜...
Թագավորը շտապով վերցնում Է կուլ տալի: ՛Կոկո՛րդով գնալիս կանչում է.
- Նեղ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղու՜...
Թագավորը որ տեսնում Է՝ կուլ տվեց, Էլ չի ձենը կտրում, իր նազիր – վեզիրին հրամայում Է թուրները հանած պատրաստ կենան, որ մին Էլ ձեն ածի — զարկեն:
Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը Էս կողմը, մյուսը էն:
Աքլորը որ թագավորի փորն Է հասնում, ձեն Է տալի.
- Լուս աշխարհքումն Էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղու՜...
- Զարկեցէք... - հրամայում Է թագավորը:
Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում: Աքլորը դուրս Է պրծնում, փախչում Է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.
- Ծուղրուղու...