Հնդկական: Ոսկի քաղաքը

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Ոսկի քաղաքը
Հովհաննես Թումանյան

Ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ութանա թագավորը: Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը: Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի: Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտա֊ռում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում: Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա:


Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը: Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում, հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան: Բայց աղջիկը դուրս չի գալի իր սենյակից:

- Հայրիկ, - ասում է, - գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ: Ասավ. Քանաքարա, շատ շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում:

- Շատ լավ, աղջիկս, — ասում է բարի ծերունին. — իմաստուն են երազները, ու մորդ հոգին քու երջանկության համար է խոսում: Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում: Նրանք աշխարհք տեսած մարդիկ են և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում:

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին: Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը:

- Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել...

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները:


Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով: Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան: Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից: Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է. - Այ քեզ լավ դեպք աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս եվ ի՜նչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը, ու ամուսնանա հետը:

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը.

- Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում:

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը:

- Ներս համեցեք, — խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ: Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը: Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

- Ոսկի քաղաքը... էլ մի ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը... Առևտրական գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա հազար ու մի հրաշալիքներով լիքը... Մի անգամ էլ մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ:

- Էս ի՞նչ հրաշք է, - հարցնում եմ ընկերներիս:

- Ոսկի քաղաքն է, - ասում են ինձ:

- Ճշմարիտ որ Ոսկի քաղաք... Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք` տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի... Մարդիկ էլ ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում-խմում են...

- Դուրս արեք էս անամոթ ստախոսին, - բարկացած կանչում է Քանաքարան: Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմվում է տխրության մեջ...


Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ: Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային: Թողնում է տուն ու տեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում` գնում - ո՞րտեղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի: Գնում է, գնում, ամեն պատահողի հարցուփորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր:


Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով: Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ: Նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ Աստծու հրամանով արծիվը լեզու է առնում, ասում.

- Ի՞նչու ես ինձ սպանում, ով բարի մարդ, առանց էն էլ վիրավորված եմ ես: Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունաքամ է անում ինձ: Եթե գթաս` նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել:

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել:

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային.

- Ես խոսք տվի, թե քեզ Էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել: Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ՝ ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի: Ասա տեսնեմ՝ ր՞նչ ես ուզում:

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը:

- Դժվար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժվարը: Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում, - ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին:

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռու դեպի արևլուս: Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան: Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է.

- Ահա Ոսկի քաղաքը, - ու իջեցնում է գետին:


Աչքը բաց է անում Դիվանան: Առջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք: Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից: Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ փոքրիկ քաղաք: Առաջ է գնում: Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ: Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը.

Ա՜խ, ի՛նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար:
Ա՜խ, ի՜նչ լավն է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով:

«Երջանիկ մարդիկ», մտածում է Դիվանան ու դիմում է նրանց.

- Ասացեք, աղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը:

- Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական:

- Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե՞...

- Մենք տեր ու ծառա չգիտենք:

- Իսկ ձեզ ո՞վ է կառավարում:

- Գոհար թագուհին:

- Շատ զորեղ թագուհի է երևի:

- Այո՛, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը:

- Արդյոք կարելի՞ է նրան տեսնել:

- Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում, և քեզ էլ կհրավիրեն անշուշտ:


Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը: Ապարանքում երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ: Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն– փարեղեն մի արարած է թվում Դիվանային: Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան:

- Ի՞նչն է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական, - հարցմունք է անում Դիվանային. - վի՞շտն է քեզ հալածում, թե՞բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ:

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ. մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը:

- Միշտ լավ է, - ասում է թագուհին, - երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի: Թե կհասնեն՝ լավ, թե չեն հասնի՝ դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ:

- Իսկ երջանկությունը...

- Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով:

- Է՞դ է երջանկությունը:

- Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ, — հայտարարում է զարմացած Դիվանան:

- Ոսկի՞, — քմծիծաղ է տալի Դոհար թագուհին, — ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտից է բխում: Ի՞նչ կապ կա նրանց մեջ:

- Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք և զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն ու խաղաղությունը, - շարունակում է Դիվանան:

- 0՛, երբեք: Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում:

- Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու Աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա:

- Ոչ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում Նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու Նրա մեջ:

- Սքանչելի երկիր, - բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը:

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները: Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր:

- Վա՛հ, ի՜նչքան նման է, - բացականչում է ու մնում է առաջը քարացած:

- Ո՞ւմ նման է:

- Նրա...

- Ո՞վ է նա:

- Քանաքարան... Իմ Քանաքարան...

- Բայց ո՞վ է Քանաքարան:

- Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի: Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին պետք է վերադառնամ նրա մոտ:

- Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա, - խոսում է գեղեցիկ թագուհին: - Մի’ վերադառնա, Դիվանա, մնա մեզ մոտ, ապրի մեզ հետ: Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները...

- Ոչ, թագուհի, չեմ կարող:

- Մի՞թե գեղեցիկ չեմ ես...

- Ոչ չի լինելու, որ չի լինելու:

Էն ժամանակ թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան:


Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը գցում է մի կղզի: Մի կանաչ կղզի` լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով: Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է ամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում:

- Չեմ կարող, նազելի տիրուհի, - հրաժարվում է Դիվանան: -Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի — դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ:

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, - կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին:

- Մի վախենա, Դիվանա, ու մի զարմանա, - անուշ ժպտալով խոսում է նա: — Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես — կախարդ Գոհարը: Իմ աղջիկն է Քանաքարան: Մանուկ հասակում Սև դևը Նրան հափշտակեց ու տարավ: էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա: Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ: Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում: Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երեվույթ են միայն: Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը: Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և’ իմ Քանաքարային, և’ ամեն մարդու: Վերջապես այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը:

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակնթավոր թևերը փռած հայտնվում է մի մեծ արծիվ:

- Տա՛ր, - բացականչում է կինը, ու ամեն բան չքանում է Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը:

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կրկին:
Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց –
Ցավերի տուն, արցունքի ծով:
Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին:

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում: Քաղաքն է մտնում Դիվանան ու գնում ուղիղ թագավորի ապարանքը:

- Հայտնեցեք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, գալիս եմ Ոսկի քաղաքից:

Ընդունում են ներս: Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա:

- Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից: Մի՞թե էն սրիկան չի սա, խաղա: Դուրս արեք իսկույն:

- Սպասի, չքնաղ Քանաքարա, — խնդրում է Դիվանան; — Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ: Ես այժմ Ոսկի քաղաքից եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանումն եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը... Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին և ինչ է երջանկությունը: Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը: - Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի:

- Այժմ ես քոնն եմ, - բացականչում է Քանաքարան և աշխարհով մին է լինում ուրախությունից: Ուքանա թագավորն էլ շնչի է գալի, օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը: Ամենքն ուրախանում են ու լիանում: Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում: Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան ու սկսում է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում: Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով: Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ.

Ի՜նչքան լեն է աշխարքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար
Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով: