Իռլանդական: Կախարդի քսակը
Կախարդի քսակը
Հովհաննես Թումանյան
Լինում են, չեն լինում, լինում են մի պառավ մարդ ու կնիկ, ունենում են երեք աղջիկ: Օրերից մի օր մարդը մեռնում է, արևը ձեզ է բաշխում, մնում է կնիկը: էս կնիկը գիտենում է, որ իր մարդը ոսկով ու արծաթով լիքը մի մեծ քսակ է թողել, ու մտքումը մխիթարվում է, ասում է. «Հերը մեռավ, գոնե աղջիկներս քաղցած չեն մնալ»: Բայց ինչպես կարգն ու օրենքն է՝ մեռելը դեռ հողավորած, թաղած չեն լինում, որ աղքատի կերպ մտած մի կախարդ գալիս է, իբրե թե ողորմություն է խնդրում, աջողեցնում է՝ քսակը ձեռք է գցում ու ծլկում Էնպես, որ չեն կարողանում իմանան, թե որ կողմից եկավ ու որ կողմը չքացավ:
Էսպես խեղճ կնիկը երեք որբ աղջկանով աղքատանում է ու ճարը կտրած օր ու գիշեր է անում, աշխատում, որ կարողանա իր երեխանցը պահի, մեծացնի:
Ժամանակ է անցկենում. էս աղջիկները մեծանում են, ու մի օր էլ մեծ աղջիկն ասում է.
- Ա՛յ մեր, ես էս է մեծացել, մեծ աղջիկ եմ դարձել, ամոթ է ինձ համար էսպես անբան ու անգործ տանը նստեմ: Մի բաղաճ թխիր, տուր ինձ, գնամ աշխարհքե-աշխարհք ման գամ, իմ բախտը գտնեմ:
Մերը բերում է մի բաղաճ է թխում ու աղջկանը հարցնում, թե՝ ի՞նչպես է ուզում. կես բաղաճն է ուզում մոր օրհնանքը հետը, թե՞ ամբողջն է ուզում առանց մոր օրհնանքի: Աղջիկը ամբողջ բաղաճն է ուզում՝ առանց մոր օրհնանքի:
Բաղաճն առնում է ճամփա ընկնում: Ասում է. «Մի տարուց ու մի օրից ետը թե եկա - եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ»:
Գնում է, գնում է, դուրս է գալիս մի անծանոթ երկիր: Մի ճամփի վրա մի տնակ է լինում:
Էս տնակին մոտենում է, տեսնում է շեմքումր նստած մի պառավ – զառամ կախարդ կնիկ: էս կախարդը հարցնում է թե՝ ո՞ւր ես գնում:
- Թե` գնում եմ բախտս գտնելու:
- Ինձ էլ հենց էդպես մի ծառայող է հարկավոր, արի ինձ մոտ մնա, - առաջարկում է կախարդը:
- Որ քեզ մոտ մնամ ի՞նչ պետք է անեմ:
- Պետք է ձեռիս ջուր ածես, շորերս հագցնես, ավլես, սրբես, վառարանը վառես, բայց վայն եկել է քեզ տարել, եթե ծխնելույզի մեջը նայել ես:
Աղջիկն ասում է՝ համաձայն եմ:
Առավոտը կախարդը որ վեր է կենում, էս աղջիկը ձեռին ջուր է ածում, շորերը հագցնում, կախարդի դ1ուրս գնալուց հետո էլ վառարանը սրբում է, բայց սրբելիս մտքովն անց է կենում, թե՝ ինչ պետք է լինի, մի մեծ բան հո չի լինելու, եթե մի աչքի պոչով ծխնելույզի մեջը նայեմ: Նայում է, ի՜նչ է տեսնում. տեսնում է իր մորից գողացած ոսկով ու արծաթով լիքը քսակը հրես ծխնելույզի մեջը կախ արած: Իսկույն հանում է, ուսը գցում ու թռչում դեպի տուն:
Ճամփին մի ձի է պատահում, առաջը կտրում է ու խնդրում, ասում է.
- Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի ինձ քորես. էս օխտը տարի է՝ ոչով ինձ քորել չի:
Աղջիկը ձեռի փետովը ձիուն տալիս է, ճամփիցը դենն է անում ու անց կենում, գնում:
Առաջն է գալիս մի ոչխար: Ասում է.
- Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի ինձ խուզես, էս օխտը տարի է ոչով ինձ խուզել չի:
Աղջիկը սրան էլ է զարկում, ճամփիցը դենն անում ու անց կենում:
Մի քիչ էլ գնում է, տեսնում է մի օրիգած էծ: Էս օրիգած էծն աղաչում է, ասում է.
- Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի ինձ տեղփոխ անես: էս օխտը տարի է ինձ տեղփոխ չեն արել:
Աղջիկն իծի վրա քար է շպրտում ու իր ճամփեն շարունակում:
Գնում է պատահում մի խափան ջաղացի: էս խափան ջաղացը խնդրում է, ասում է.
- Ա՛ղչի ջան, աղչի, ի՜նչ կլինի բան գցես ինձ. էս օխտը տարի է խափան եմ, ոչով ինձ բան չի գցում:
Աղջիկը սրան էլ չի լսում, ներս է մտնռւմ, դռան ետևը ձգվում, քնում:
Կախարդը վերադառնում է տուն, — տեսնում է՝ աղջիկը փախել է: Ակն է տալի ծխնելույզին, տեսնում է Էնտեղ էլ քսակը չկա: Կատաղում է, ընկնում է աղջկա ետևից:
Ճամփին պատահում է ձիուն:
- Ա՛յ ձի, — ասում է, — ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել:
- Հենց նոր էստեղից փախած անց կացավ,– պատասխանում է ձին:
Կախարդը վազում է: Պատահում է ոչխարը:
- Ա՛յ ոչխար, — ասում է, — ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին ւսրդյոք չե՞ս տեսել:
- Տեսել եմ, — պատասխանում է ոչխարը: - Մի քիչ առաջ դեսը վազելով անց կացավ:
Գնում և պատահում է իծին:
- Այ էծ, - ասում է,- ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել:
- Ի՞նչպես չէ, տեսել եմ, — պատասխանում է էծը. — հենց նոր դեսը անց կացավ, դեպի էն խափան ջաղացը:
Գնում է խափան ջաղացի մոտ:
- Ա՛յ խափան ջաղաց, ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել:
- Ի՞նչպես չեմ տեսել. ներս արի, հրես իմ դռան ետևը քնած է, պատասխանում է խափան ջաղացը:
Կախարդը ներս է մտնում, տեսնում է՝ աղջիկը հրես քսակը գլխի տակին՝ դռան ետևը քնած: Ձեռքի կախարդական գավազանով զարկում է քնած աղջկանը, դարձնում է քար, իր ոսկով ու արծաթով լիքը քսակն առնում, ետ գնում իր տունը:
Սրա վրա մի տարին ու մի օրն անց է կենում. միջնակ աղջիկը տեսնում է, որ քույրը ետ չեկավ, մորն ասում է.
- Ինչպես երևում է, քույրս բախտավորվել է ու լավ է ապրում, ամոթ չի՞, որ հենց ես տանը նստեմ պարապ-սարապ: Մի բաղաճ թխիր, տուր ինձ, գնամ աշխարհե-աշխարհ ման գամ, իմ բախտը գտնեմ:
Մերը հարցնում է, թե՝ ո՞րն ես ուզում, բաղաճի կեսն ես ուզում իմ օրհնանքի հե՞տ, թե՞ ամբողջ բաղաճն ես ուզում առանց իմ օրհնանքի:
- Ամբողջ բաղաճն եմ ուզում առանց քո օրհնանքի, — պատասխանում է աղջիկը,– ամբողջ բաղաճն առնում է ու ճամփա ընկնում. ասում է.
- Մի տարուց ու մի օրից ետը թե եկա — եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ:
Գնում է: Սա էլ մեծ քրոջ նման է վարվում ու նրա բախտին է արժանանում:
Մի տարին ու մի օրն անց են կենում - ետ չի գալիս: Փոքր աղջիկն ասում է.
- Իմ քույրերն արդեն հասան իրենց մուրազին. մի՞թե հենց ես պետք է մնամ էսպես անբան ու անգործ նստած, անպետք՝ ինձ համար էլ, ուրիշների համար էլ: Մի բաղաճ թխիր, մայրիկ, ես էլ գնամ իմ բախտի ետևից ման գամ:
Մերը հարցնում է, թե՝ ո՞րն ես ուզում. կես բաղաճն ես ուզում իմ օրհնանքի հե՞տ, թե՞ ամբողջ բաղաճն՝ առանց իմ օրհնանքի:
Փոքր աղջիկը թե՝ կես բաղաճն եմ ուզում քո օրհնանքը հետը:
Մերը կես բաղաճը տալիս է իրեն, օրհնում ու ճանապարհ դնում:
Իր քույրերի նման սա էլ երկար դես ու դեն թափառելուց հետո գալիս է հասնում կախարդի կացարանին ու աղախին է մտնում նրա մոտ: Ու հենց նրանց պես սա էլ մի օր ծխնելույզի մեջ նկատում է ոսկով ու արծաթով լիքը քսակը, առնում է ու դուրս պրծնում դեպի իրենց տունը:
Ճամփին պատահում է ձիուն: Ձին աղաչում է.
- Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ինչ կլինի ինձ քորես, օխտը տարի է ինձ քորել չեն:
- Վայ, խեղճ ձի, - ասում է աղջիկը, քսակը մի կողմն է դնում ու քորիչով քորում է ձիուն:
Մի քիչ անց է կենում, ոչխարն է խնդրում.
- Ա՛ղչի ջան, ա’ղչի, ինչ կլինի ինձ խուզես, էս օխտը տարի է ինձ խուզել չեն:
- Վա՜յ, խեղճ ոչխար, — ասում է աղջիկը, հանում է մկրատն ու խուզում է ոչխարին:
Մի քիչ էլ գնում է, օրիգած էծն է կանչում.
- Ա՛ղչի ջան, աղչի, ի՜նչ կլինի տեղփոխ անես ինձ. էս օխտը տարի է մի տեղ օրիգած եմ, ոչով ինձ տեղփոխ չի անում:
- Վա՜յ, խեղճ էծ, — ասում է աղջիկը ու տեղփոխ է անում սոված իծին: Վերջը հասնում է խափան ջաղացին:
- Ա՛ղչի ջան, աղչի, ի՛նչ կլինի բան գցես ինձ, - խնդրում է խափան ջաղացը. - Էս օխտը տարի է էսպես կանգնած եմ, ոչով բան չի գցում ինձ:
- Վա՜յ, խեղճ ջաղաց, - կանչում է աղջիկը, ջուրը բաց է թողնում, ու ջաղացը գըռռում է:
Եվ որովհետև օրը հատել էր, մութն ընկնում էր, մտնում է ջաղացն ու դռան ետևը պառկում քնում:
Կախարդը վերադառնում է տուն, տեսնում է աղջիկը չկա: Ծխնելույզին ակն է տալիս, տեսնում է քսակն էլ չկա: Կատաղում, փրփրում է, ընկնում է աղջկա ետևից:
Հասնում է ձիուն, ձիուն հարցնում է.
- Ա՛յ ձի, — ասում է, — ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին չե՞ս տեսել:
- Դուն էլ հենց իմանում ես՝ ես էլ բան ու գործ չունեմ — բան ու գործս էն է, որ քո աղախիններին հսկեմ, - պատասխանում է ձին: - Ես ի՞նչ գիտեմ որտեղ է քո աղախինը, գնա, ման արի, գտիր:
Գնում է, հերթով հասնում է ոչխարին, իծին, նրանք էլ նույն պատասխանն են տալիս: Վերջը հասնում է ջաղացին:
- Ա՛յ ջաղաց, — ասում է, — ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին չե՞ս տեսել:
- Ի՞նչ ես ասում, էս գոռոցի մեջ լավ չեմ լսում, — պատասխանում է ջաղացը. — մոտիկ արի, ականջումս ասա:
Կախարդը մոտենում է ջաղացին, որ ջաղացի ականջումն ասի, ջաղացը նրան բռնում է, պտտում, կոլորում, տակովն անում, շինում ալուր – աղցան ու շպրտում, ցրում դես ու դեն:
Կախարդը վեր ընկնելիս ձեռքի գավազանը վեր գցած է լինում: Ջաղացն աղջկանն ասում է. «Էդ գավազանը վերցրու, դրանով զարկիր դռան տակի երկու քարին»: Աղջիկը կախարդական գավազանով զար կում է դռան տակի երկու քարին, մին էլ տեսնում է՝ առաջը կանգնեցին իր երկու կորած քույրերը: Փաթաթվում են իրար, համբուրվում, ու ոսկով, արծաթով լիքը քսակն առնում, ճամփա ընկնում դեպի տուն, իրենց պառավ մոր մոտ:
Տանը պառավ մերը իր աղջիկներին կորած էր համարում ու նստած սուգ անելիս է լինում, որ հանկարծ ներս են մտնում երեքն էլ, ողջ ու առողջ, հետներն էլ ոսկով ու արծաթով լիքը քսակը, ուրախանում, աշխարհքով մին են լինում ու էն օրվանից ապրում են ուրախ ու ապահով: