Գրիմ Եղբայրներ: Զարմանալի աշուղը
Զարմանալի աշուղը
Հովհաննես Թումանյան
Մի աշուղ է լինում; Օրերից մի օր էս աշուղը մենակ վեր է կենում գնում անտառ: Անտառում դես է մտածում, դեն է մտածում, մինչև. որ մտածելու բանը հատնում է: Որ մտածելու բանը հատնում է՝ «Օ՜ֆ, ասում է, ի՜նչ երկար ու ձանձրալի է ժամանակը էստեղ: Պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար»...
Ասում է, ջութակն ուսից վեր է բերում ու նվագում: Ջութակի ձենը հնչում է անտառում: Էս ձենի վրա անտառի խորքից վազեվազ դուրս է գալիս մի գել:
- Ա՜խ, գելը... — հառաչում է աշուղը: — Բայց ես սրան չէի ուզում... Ես գիլի հետ ի՞նչ անեմ...
Իսկ գելը մոտ է գալիս ու սկսում է խոսել:
- Էդ ի՜նչ լավ ես նվագում, վարպետ: Ի՞նչ կլինի ինձ էլ սովորեցնես;
- Սրա սովորեցնելն ինչ բան է որ, — պատասխանում է աշուղը: — Կսովորեցնեմ, միայն թե ինչ որ ասեմ, պետք է լսես:
- Աչքիս վրա, — խոսք է տալիս գելը, — էնպես լսեմ, ինչպես աշկերտը վարպետին կլսի:
- Դե որ էդպես է՝ ետևիցս արի:
Գնում են: Գնում են, գնում, տեսնում են ճանապարհին մի պառավ կաղնի, մեջը փուչ, ինքը ճղված:
- Դե հիմի լսի՛ր, տես ինչ եմ ասում, — դառնում է աշուղը գիլին: — Եթե ճշմարիտ սրտով ուզում ես նվագել սովորես, ամենից առաջ պետք է առջևի թաթերդ էս ծառի ճեղքումը դնես:
Գելը լսում է վարպետին, առջևի թաթերը դնում է ծառի ճեղքում: Վարպետը ձեռաց կողքի մեծ քարը վերցնում է, էնպես ուժով զարկում աշկերտի ջուխտ թաթերին ու էնպես խորը մխում ծառի ճեղքի մեջ, որ խեղճը տեղն ու տեղը նստում է ու մնում է գերի էն ծառին:
- Էստեղ կաց, մինչև մին էլ ետ կգամ, - ասում է վարպետն ու գնում: Մի քիչ որ գնում է, դարձյալ սկսում է ինքն իրեն հետ խոսել:
- Օ՜ֆ, ի՜նչ երկար ու ձանձրալի է ժամանակն էստեղ... Պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար...
Ասում է, ջութակն ուսից վեր է բերում ու նվագում; Մին էլ տեսնում է ծառերի արանքից դուրս եկավ աղվեսը:
- Հիմի էլ աղվեսը... բայց ես սրան էլ չեմ ուզում... Աղվեսի հետ ի՞նչ անեմ, — հառաչում է աշուղը, իսկ աղվեսը գալիս է առաջը կտրում:
- էդ ի՜նչ լավ ես նվագում, վարպետ: Ի՞նչ կլինի ինձ էլ սովորեցնես:
- Ինչու չէ, կսովորեցնեմ, — պատասխանում է աշուղը, — միայն թե ինչ որ ասեմ, պետք է լսես:
- Աչքիս վրա, — խոսք է տալիս աղվեսը, — էնպես լսեմ, ինչպես աշկերտը վարպետին կլսի:
- Դե որ էդպես է՝ ետևիցս արի:
Աղվեսն ուրախ-ուրախ ընկնում է վարպետի ետևից ու գնում են: Գնում են, գնում, մտնում են մի նեղ կածան, երկու կողմից բարձր թփեր: Վարպետն էստեղ կանգ է առնում, ճամփի մի կողմից մի փոքրիկ ընկուզի ծառի ծեր է կռացնում դեպի գետին ու ոտը դնում վրեն, մյուս կողմից էլ մի ուրիշ ծառ, ու կանչում է աղվեսին:
- Հապա դե ե՛կ, սիրելիս, եթե ուզում ես բան սովորէս՝ դեսը բեր առջևի ձախ թաթդ:
Աղվեսը լսում է, թաթը մեկնում է: Վարպետը բռնում է կապում ձախ ծառի կատարին:
- Դե հիմի էլ աջը բեր:
Աջն էլ կապում է աջ կողմի ծառի կատարին: Հետո մտիկ է անում՝ ամուր են կապված թե չէ, ու բաց է թողնում ծառերի կատարները: Ծառերը ետ են գնում, վերև են թռցնում աղվեսին ու սկսում են ճոճել օդի մեջ:
- Էստեղ կաց, մինչև մին էլ ետ կգամ, - ասում է վարպետն ու շարունակում իր ճամփեն: Մի քիչ որ անց է կենում, նորից սկսում է ինքն իրեն խոսել. - Օ՜ֆ, ինչ երկար ու ձանձրալի է ժամանակն էստեղ... Պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար... - Ասում է, ջութակն ուսից վեր բերում ու նվագում: Ոստոստալով առաջն է ելնում մի նապաստակ:
- Համեցեք. հիմի էլ նապաստակը... բայց ես սրան էլ չեմ ուզում... Ես նապաստակի հետ ի՞նչ անեմ, — հառաչում է աշուղը, իսկ նապաստակը մոտ է գալի:
- Էդ ի՜նչ լավ ես նվագում, վարպետ: Ի՞նչ կլինի ինձ էլ սովորեցնես:
- Ինչու չէ, կարելի է, և հեշտ էլ կսովորես: Միայն թե ինչ որ ասեմ, պետք է լսես:
- Աչքիս վրա, - խոսք է տալիս նապաստակը, - էնպես լսեմ, ինչպես աշկերտը վարպետին կլսի:
- Դե որ էդպես է՝ ետևիցս արի:
Գնում են: Գնում են, գնում, դուրս են գալիս անտառի մեջ մի բացատ: Բացատի մեջտեղը կանգնած է լինում մի բարդի: Վարպետը մի թոկ է հանում, թոկի մի ծերը ծառից է կապում, մյուս ծերը նապաստակի վզից ու կանչում է.
- Հապա, իմ խլուշիկ, դե մի քսան անգամ էս ծառի բոլորքով պտուտ արի, տեսնեմ քո ճարպիկությունը:
Նապաստակը լսում է. քսան անգամ պտուտ է գալի ծառի բոլորքով: Թոկը փաթաթվում է ծառին, խեղճը մնում է ձառին կպած ու քանի ձիգ է տալիս, քաշում, քաշքշում, էնքան թոկը վիզը կտրում է:
- Էստեղ կաց, մինչև մին էլ ետ կգամ, — ասում է վարպետն ու իր ճամփեն շարունակում:
Վարպետի գնալուց ետը դես է ձիգ տալի, դեն է ձիգ տալի գելը, քարն է կրծում, ծառն է կրծում, էնքան անում է, մինչև թաթերը հանում է կաղնու ճեղքից: Հանում է ու, թե չորս ոտն ուներ՝ չորսն էլ փոխ է առնում, կատաղած, գազազած ընկնում է վարպետի ետևից, որ հասնի պատառ-պատառ անի: Օդում ճոճվող աղվեսը հեռվից ազատ գիլին տեսնում է թե չէ՝ սկսում է լաց լինել ու աղաղակել.
- Գել ախպե՜ր, գել ախպե՜ր, հասի՛ր, օգնիր ինձ, Էն վարպետը ինձ խաբեց:
Գելը հասնում Է, ծառերը կռացնում, թոկերը կրծոտում, կտրատում, աղվեսին ազատում, ու երկուսով միասին ընկնում են վարպետի ետևից, որ իրենց վրեժը հանեն:
Գնում են, գնում, ճամփին պատահում են ծառին փաթաթված նա¬պաստակին: Սրան Էլ Էստեղ են ազատում ու երեքով միասին լարվում են ընդհանուր թշնամու՝ վարպետի ետևից:
Վարպետը շարունակում Է իր ճանապարհն անտառում: Մի անգամ Էլ նվագում Է, ու Էս անգամ բախտը բերում Է: Ջութակի ձենը լսում Է մի աղքատ փայտահատ, գործը թողնում Է, կացինը դնում Է կռնատակին՝ գալիս Է կանգնում երգը լսելու:
- Վերջապես եկավ իմ ընկերը, — բացականչում է վարպետը: Ես մարդ էի որոնում, ոչ թե վայրենի գազաններ: — Ու սկսում է նվագել էնքան սրտառուչ, էնքան հրաշալի, որ փայտահատը զմայլում է, սիրտը կրծքում ուրախությունից խաղս է լինում: Հենց էս ժամանակ վրա են հասնում գելը, աղվեսն ու նապաստակը: Փայտահատը նկատում է, որ նրանց մտքում չար բան կա վարպետի դեմ, իսկույն առաջ է անցնում, բարձրացնում իր սուր կացինն ու ասում. - Ով սրա վրա գա, իմացած կենա, որ ինձ հետ է գործ ունենալու:
Գազանները էս որ տեսնում են՝ սարսափում են ու, պո՛ւկ, ետ են փախչում դեպի անտառի խորքերը: Վարպետը փայտահատին շնորհակալություն անելու համար մի երգ էլ նվագում է ու գնում: Գնում է հասնում է իր տունը, ջութակը պատին կախում ու պառկում: Գիշերը գալիս է. ուզում է քնի, քունը չի տանում: Շարունակ գելը, աղվեսն ու նապաստակն են մտքի միջին: Մին էլ հանկարծ գիշերվա մի ժամանակը հենց լուսամուտի տակին գելն ու աղվեսը սկսում են ձեն-ձենի տալ ու ոռնալ, իսկ նապաստակը նրանց ետևից ծվծվում է.
- - Ճը՛զը, վը՛զը, քաջ վարպետ,
- էն հ՞նչ արիր դու մեզ հետ.
- Մեզ տանջել էիր ուզում դուն,
- Տանջվիր հիմի դե զարթուն.
- Մինչև լուսը մենք էսպես
- Հանգիստ քուն չենք տալու քեզ...
- Ճը՛զը, վը՛ զը, քաջ վարպետ,
- էն ի՞նչ արիր դու մեզ հետ...
Երգում են, երգում են անասունները: Ջութակն էլ պատի վրիցն է սկսում իրեն-իրեն նվագել նրանց հետ, ու էնպես աղեկտուր, էնպես ողբալի, որ խեղճ վարպետը չի իմանում ուր կորչի էն երգի ու երաժշտության ձենից: Ամբողջ գիշերը չի կարողանում աչքը կպցնի, տանջվում է ու տանջվում:
Ծերերն ասում են, իբրև թե վարպետը էն օրվանից ետը ինչքան ապրեց աշխարհքում՝ ամեն գիշեր նրա լուսամուտի տակ հնչում էր էս տխուր, սրտաճմլիկ երգը.
- «Ճը՛զը, վը՛զը, քաջ վարպետ,
- էն ի՞նչ արիր դու մեզ հետ...»
Ու ջութակը ողբում էր հետը ամեն գիշեր, ամեն գիշեր մինչև լույս, մինչև իր մահը: