Գրիմ Եղբայրներ: Անտառի տնակը

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Անտառի տնակը
Հովհաննես Թումանյան

Մի խոր անտառի բերանում մի խրճիթ է լինում: Էն խրճիթում կնկա ու երեք աղջիկների հետ ապրելիս է լինում մի աղքատ փայտահատ:

Մի առավոտ գործի գնալիս կնկանն ասում է. — Ա՛յ կնիկ, էսօր բանս մինչե կեսօր չեմ վերջացնիլ. մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառը: Ես էլ հետս մի տոպրակ կորեկ կվերցնեմ, շաղ տա֊ լով կերթամ, որ էն նշանովը գա ու ճամփեն չկորցնի:

Ճաշ է դառնում թե չէ՝ մեծ աղջիկը կերակուրն առնում է, ճամփա ընկնում: Բայց ծտերը, արտուտները, սարեկներն ու դեղձանիկները շաղ տված կորեկն արդեն վեր քաղած են լինում, ու աղջիկը չի կարողանում հոր հետքը գտնի: Գնում է, գնում, մինչ արևը մեր է մտնում ու մութը վրա է հասնում անտառում: Ծսաերը շրշում են խավարում, բուերը կանչում, կռնչում, ու աղջիկը սկսում է վախենալ:

Մին էլ տեսնում է՝ հեռվում, ծառերի արանքից մի կրակ է փայլփլում:

— Էնտեղ երևի մարդիկ են ապրում, գնամ նրանց մոտ մնամ էս գիշեր,— մտածում է աղջիկն ու գնում էն կրակի վրա:

Գնում է հասնում մի տնակի, դուռը ծեծում է:

— Ո՞վ ես, ներս արի, — կանչում է ներսից մի ձայն:

Աղջիկը ներս է մտնում, տեսնում է՝ հրես նստած մի ալևոր մարդ, գլուխը կախ արած, սիպտակ միրուքն ալիքաձև իջնում է մինչև գետին: Իսկ էն կողմը մի չալ կով, մի հավ ու մի աքլոր:

Աղջիկը պատմում է ծերին, թե ինչպես է ինքը մոլորվել անտառում ու խնդրում է, որ տեղ տա գիշերը մնալու:

Ծերունին դիմում է իր կենդանիներին.

— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սրան:

Կենդանիները միասին պատասխանում են. — Լավ: — Էն ժամանակ ծերունին աղջկանն ասում է.

—Համեցե՛ք, մեր աչքի վրա, սիրուն աղջիկ, մեր դուռը բաց է, տունը լիքը: Համեցե՛ք, մոտեցիր օջախին, կերակուր շինի մեզ համար էլ, քեզ համար էլ:

Աղջիկը մտնում է խոհանոց և, ճիշտ որ, ամեն բպն գտնում է առատ–առատ: Մի լավ ընթրիք է պատրաստում, բերում է ծերունու առաջ լիքը սեղան է բաց անում, ինքն էլ նրա հետ նստում, ուտում, խմում, կշտանում: Որ կշտանում է պրծնում, — բա ես հոգնած եմ, — ասում է, — հիմի որտե՞ղ քնեմ: — Էստեղ կովը, հավն ու աքլորը պատասխանում են.

— Ողջ դրա հետ դու կերար
Ու խմեցիր, ինչ որ կար,
Մտիկ չարիր իսկի մեզ.
Գնա, քնի ուր կուզէս:

Էն ժամանակ ծերունին ասում է.

— Բարձրացի, սանդուղքի գլխին մի սենյակ կա: Էն սենյակում երկու անկողին կա. անկողինները պատրաստի, ես էլ կգամ, կքնենք:

Աղջիկը վերև է բարձրանում, անկողինները գցում, ու էլ ծերունուն չի սպասում, ինքը պսակում է քնում: Մի քիչ հետո ծերունին գալիս է, մոմի լույսով նայում է աղջկանը ու գլուխը ժաժ տալի:Գիշերվա մի ժամանակ, երբ տեսնում է խորը քնած է, մահճակալի տակին մի գաղտնի դուռն է լինում, բաց է անում, աղջկանը թողնում ցած ու կրկին փակում:

Փայտահատը իրիկունը տուն է գալի, բարկանում է կնկա վրա, որ իրեն ամբողջ օրը սոված է թողել:

— Ես ի՞նչ անեմ,— պատասխանում է կինը,— ճաշը տվել եմ մեր մեծ աղջկանը—ղրկել, ինչպես երևում է, ճամփեն կորցրել է, չի զտել, ինքն էլ ետ չի եկել դեռ: Փայտահատը մյուս օրն էլ առավոտյան վաղ վեր է կենում գնում անտառը: Պատվիրում է, որ էս անգամ միջնեկ աղջիկը տանի ճաշը:

— Էսօր հետս ոսպ կվերցնեմ, — ասում է, — որ ճամփին շաղ տամ: Ոսպը կորեկից խոշոր է, աղջիկս հեշտ կտեսնի ու ճամփեն չի կորցնիլ:

Կեսօրին միջնեկ աղջիկը ճաշն առնում է ճամփա ընկնում: Գնում է, գնում, ոչ մի տեղ ոսպ չի գտնում: Դու մի ասիլ՝ դարձյալ թռչունները կերել են, մի հատ էլ չեն թողել:

Աղջիկն անտառում թափառում է, թափառում, գիշերը ընկնում էլ նույն ծերունու մուո, հաց ու քնելու տեղ է խնդրում: Ծերունին դիմում է կովին, հավին ու աքլորին.

— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սրան:

— Լա՜վ, — պատասխանում են կենդանիները: Միջնեկ քույրն էլ մեծ քրոջ նման ընթրիք է պատրաստում, ծերի հետ ուտում, խմում֊կշտանում կենդանիների վրա ուշք էլ չի դարձնում: Երբ հարցնում է, թե՝ ես որտեղ պիտի քնեմ, կենդանիները պատասխանում են.

— Ողջ դրա հետ դու կերար,
Ու խմեցիր, ինչ որ կար,
Մտիկ չարիր իսկի մեզ,
Գնա, քնի ուր կուզես:

Հենց նա էլ գնում է թե չէ, ետևից գնում է ծերունին, գլուխը թափահարում ու դարձյալ թողնում է ներքև:

Երրորդ առավոտը փայտահատը կնկանն ասում է.

— Էսօր մեր փոքրիկ աղջկա ձեռքով ղրկի ճաշը: Նա բարի է ու ականջով: Նա ճամփեն կգտնի, իր քույրերի նման չի, որ դես ու դեն ընկնի:

Մայրը չի ուզում երրորդ աղջկանն էլ անտառը ղրկի: Լաց է լինում, ասում է՝ աչքիս սև ու սիպտակը սա է մնացել, ինչու ես ուզում սրան էլ կորցնես մեծերի նման:

— Դու հանգիստ կաց, ֊ ասում է փայտահատը, — սա կորչիլ չի, սա էնպես խելոք է որ... ես էլ էսօր հետս սիսեռ կտանեմ ճամփին շաղ տալու:Սիսեռը ոսպ հո չի, նրանով անպատճառ ճամփեն կգտնի:

Բայց երբ աղջիկը ճաշն առած անտառն է մտնում, թռչուններն արդեն սիսեռը կերած են լինում: Աղջիկը մնում է տարակուսած, չի իմանում որ կողմը գնա:Մտածում է, դարդ է անում, թե հիմի հայրը կսովի, մայրը լաց կլինի...

Ման է գալի ման, հորը չի գտնում: Երբ մութն ընկնում է, հեռվից տեսնում է անտառի տնակի լուսն ու գնում է էն լուսի վրա: Մտնում է ներս, տեղ է խնդրում, ու ալեհեր ծերունին դարձյալ դիմում է իր կենդանիներին.

— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սրան:

— Լա՜վ...—պատասխանում են կենդանիները: Էն ժամանակ աղջիկը մոտենում է, գուրգուրում հավին ու աքլորին, կովի ճակատը քորում: Ծերի պատվերով ընթրիք է պատրաստում, դնում սեղանին ու ասում.

— Ինչու ես պետք է ուտեմ, էս բարի կենդանիները քաղցած նայեն:

Գնում է կուտ բերում, ածում հավի ու աքլորի առջեւ, կովի համար էլ մի խորոմ խոտ:

— Կերեք, — ասում է, — իմ սիրելիք, այ հիմի ջուր էլ կբերեմ: — Գնում է մի դույլ ջուր էլ բերում դնում առաջները:

Ամենքին կշտացնում է, նոր ինքն է նստում ուտում, ինչ որ թողել էր ծերունին: Իսկ երբ քնելու ժամանակը գալիս է, ասում է. — ժամանակը չի՞ արդյոք, որ ամենքս էլ հանգստանանք...

Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր-փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սրան:

— Լավ, — պատասխանում են կենդանիները.

— Մեզ հետ կերար դու միասին
Ու հոգացիր մեր մասին,
Բարի գիշեր քեզ, բարի,
Մուրազդ աստված կատարի:

Էստեղ աղջիկը բարձրանում է վերե, անկողինները պատրաստում: Ծերունին գալիս է քնում: Ինքն էլ մյուս մահճակալին է պառկում ու քուն մտնում հանգիստ: Գիշերվա մի ժամանակ տունը հանկարծ դղրդում է, կարծես քանդվում ու տակն ու վրա է լինում: Աղջիկը վախեցած զարթնում է, բայց աղմուկն անցնում է, ինքն էլ քնում է նորից:

Առավոտը աչքը բաց է անում — ինչ է տեսնում: Տեսնում է պսակած մի մեծ, շքեղ զարդարած ու կահավորած դահլիճում, շուրջը թավիշ ու ոսկի, հարավային փարթամ բույսեր ու ծաղիկներ այրվում, վառվում են առավոտյան արևի ճառագայթների տակ: Տեսնում է, բայց աչքերին չի հավատում, ասում է՝ երազի մեջ եմ երևի: Էսպես մտածելիս ներս են մտնում երեք ճոխ հագնված ծառաներ, խոնարհ գլուխ են տալի ու հարցնում.

— Ի՞նչ կհրամայեք, տիրուհի:

— Լա՛վ, լա՛վ, գնացեք,— պատասխանում է քնաթաթախ աղջիկը, — հիմի վեր կկենամ, ծերունու համար կերակուր կպատրաստեմ, կովին. հավհն ու աքլորին կհոգամ:

Կարծում է, թե ծերունին էլ արդեն վեր է կացել: Նայում է նրա անկողնին, տեսնում է ծերունին չկա, տեղը պառկած է մի օտար ջահել ու գեղեցիկ երիտասարդ... Եվ ահա երիտասարդը աչքերը բաց է անում ու էսպես խոսում զարմացած աղջկա հետ.

— Լսի, սիրուն աղջիկ: Ես էս երկրի թագավորի որդին եմ: Չար վհուկը կախարդել էր ինձ ու դատապարտել, որ ես ծերի կերպարանքով ապրեի անտառում, ոչ ոք էլ չլիներ ինձ հետ, բացի իմ երեք ծառաները, նրանք էլ կովի, հավիու աքլորի կերպարանքով: Եվ էդպես պետք է մնայինք, մինչե. Հայտնվեր էն բարի աղջիկը, էն քնքույշ սիրտը, որ ոչ միայն մարդկանց, այլս. կենդանիներին լիներ սիրող ու կարեկից... էն աղջիկը դու եղար:

Քու շնորհիվ էս գիշեր կեսգիշերին, մենք ամենքս ազատվեցինք կախարդանքից, ու իմ պալատը, որ դարձել էր անտառի մի որն տնակ, նորից դարձավ առաջվան պալատը:

Ու կանչում է թագավորազնը իր ծառաներին, որ գնան աղջկա ծնողներին բերեն հարսանիքին:

— Բայց ո՞րտեղ են իմ քույրերը, — հարցնում է աղջիկը:

— Նրանց ես Փակել եմ ներքնահարկում, — պատասխանում է երիտասարդը: - Էգուց կուղարկեմ անտառը, էնտեղ ածխարարի մոտ ծառայեն ու էնքան մնան, մինչև որ դառնան ավելի բարի ու սովորեն մտածել կենդանիների մասին: